Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մեյնստրիմ

Մեյնստրիմ
10.02.2017 | 00:42

Mainstream՝ հիմնական ուղղություն որոշակի ժամանակի մեջ: Բառարաններն ասում են, որ բառն օգտագործվում է՝ բնորոշելու հանրահայտ, զանգվածային միտումներն արվեստում՝ հակադրվելու այլընտրանքին, անդերգրաունդին, էլիտարին, արտհաուսին: Քաղաքականությունը հնարավորինի արվեստն է, ուրեմն մեյնստրիմը կա քաղաքականության մեջ: Կարևոր է, որ մեյնստրիմը որոշակի ժամանակի մեջ է միայն գերակայություն: Ո՞րն է նախընտրական Հայաստանի մեյնստրիմը: Ամեն կուսակցություն մի մեյնստրիմ է՝ քիչ է, ամեն անհատ առանձին մեյնստրիմ է իրեն զգում: Մեյնստրիմախառնաշփոթի մեջ առանձնանում են մեյնստրիմասյուներ: Սկսենք ամենազվարճալիից:

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամալիրում ԲՀԿ-ն հրավիրել է հերթական համագումարը, մինչդեռ կիրակի օրը պիտի դաշինքը հուշագիրը ստորագրեր: Շաբաթն ուրբաթից շուտ եկավ: ԲՀԿ-ն 9-րդ համագումարում բուռն ու խելակորույս ծափերի տարափի տակ նախագահ կընտրի Գագիկ Ծառուկյանին: Նա կժպտա ու ժպիտի միջից միալար կշարի իր ծրագիրը: Չկասկածեք՝ ծրագիրը փայլուն է լինելու: Հազիվ թե նույնքան փայլուն լինի դաշինքը։ Շրջանառվում էր ԲՀԿ-ՌԱԿ-ՍԴՀԿ-ՀՀՇ-«Միասնություն» տարբերակը: Բայց սկսվեց ՌԱԿ-ՀՌԱԿ պատերազմը: Գագիկ Ծառուկյանը ստիպված էր ձեռնպահ մնալ ռամկավար դաշնակցից: ՈՒ այնքան էլ պարզ չէ՝ Գագիկ Ծառուկյա՞նը ռամկավարներին մերժեց, թե՞ ռամկավարները մերժեցին նրան: Եթե «Գագիկ Ծառուկյանի նպատակը մեկն է՝ Հայաստանի և Սփյուռքի ավանդական կուսակցությունների համախմբման միջոցով ստեղծել երկրի խնդիրներով մտահոգ և դրանց լուծման պատրաստակամությամբ զինված քաղաքական ուժերի և անհատների լայն դաշինք, որ խորհրդարանում հնարավոր լինի բարձրաձայնել նաև Սփյուռքի մեր հայրենակիցների խնդիրները», պարզվեց, որ նրա կոչին արձագանքել է ՀՌԱԿ-ը` ի դեմս ատենապետ Հակոբ Ավետիքյանի: ՌԱԿ-ի տարբեր թևեր և սփյուռքի կառույցներ չկիսեցին ՀՌԱԿ-ի մեյնստրիմը: Փետրվարի 7-ին Երևանում, ասուլիսում ՌԱԿ կենտրոնական վարչության փոխատենապետ Լևոն Պլըքյանը հայտարարեց, որ ՀՌԱԿ-ը կապ չունի ավանդական ՌԱԿ-ի հետ, ու պահանջեց, որ ՀՌԱԿ-ը հանդես չգա ավանդական ՌԱԿ-ի անունից։ «Մեր կուսակցության 19 շրջանակներից միայն 3-ի անդամներն են կողմ արտահայտվել ՀՌԱԿ-ին աջակցելու հարցին»,- ասաց Լևոն Պլըքյանը։ Հետո անակնկալ հայտնվեց ՀՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը ու հակադարձեց, որ իրենք կարող են օգտագործել ՌԱԿ-ի անունը, դրոշն ու զինանշանը, և ոչ ոք չի կարող իրենց ոչինչ արգելել։ Նրանք երկար ու նյարդային պարզում էին՝ ո՞վ է իրենցից իսկականն ու ո՞վ է անիսկականը, ո՞վ է իրավականորեն ռամկավար, ո՞վ է պատմականորեն ռամկավար, ու դա տխուր պարզաբանում էր, եթե չասեմ` ավելին: Քիչ էր ՀՌԱԿ-ՌԱԿ զավեշտը, Գագիկ Ծառուկանի դաշինքի պատմությանը հավելվեցին հնչակները: Լյուդմիլա Սարգսյանի վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը հայտարարեց, որ միանում է «Ծառուկյան» դաշինքին ու դաշինքի հետ բանակցում է։ Գագիկ Ծառուկյանի համար դա անակնկալ էր: Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանն ավելին ասաց. «Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը 130-ամյա կուռ քաղաքական կազմակերպություն է՝ իր ամբողջական մասնաճյուղերով և միակենտրոն կառավարումով։ Երկրորդ՝ ֆեյք կառույցների հետ որևիցե համաձայնություն բացառվում է՝ չի եղել, չի էլ լինելու»։ Պատկերացնո՞ւմ եք Գագիկ Ծառուկյանի վիճակը՝ սփյուռքը ձեռքից գնում է: Քիչ է: «Միասնությունն» էլ է ձեռքից գնում: ՈՒ ստացվում է, որ մնում է… ՀՀՇ-ն, որից հեռացավ Ալեքսանդր Արզումանյանը:

Գուցե արժի դաշինքն անվանել Ծառուկյան-Զուրաբյա՞ն ու փակագծում գրել Արարա՞տ՝ այլ Զուրաբյանների հետ չշփոթելու համար: Գագիկ Ծառուկյանի լայն պլատֆորմով համախմբման մեյնստրիմը ոնց որ թե վերածվում է ԲՀԿ-ի ու անմեյնստրիմ անհատների:
Մեյնստրիմը բացահայտորեն չի ստացվում և մյուս դաշինքում: Վարդան Օսկանյանն ու Սեյրան Օհանյանը ևս լայն համախմբման պլատֆորմ չեն գտնում: Քիչ է՝ չեն գտնում, Պարույր Հայրիկյանն էլ հայտարարեց. «Եթե Օհանյան-Օսկանյան դաշինքը շարունակի հապաղել և գաղտնի պահել ժողովրդից իր գործողությունները, հնարավոր է ԱԻՄ-ը դուրս գա այդ միությունից»: Ասուլիս հրավիրեց ու ասաց՝ «Օհանյան-Օսկանյան դաշինքում տեղերի գզվռտոց է»: «Անհասկանալի դանդաղկոտություն կա մեր դաշինքում: Դաշինքը պետք է հասցնես մատուցել մարդկանց, և դաշինքի անվան ձգձգումը ցույց է տալիս, որ պատշաճ պատասխանատվությամբ չենք կարողանում վերաբերվել այդ դաշինքին: Միասնությունը ինքնանպատակ չի կարող լինել մեզ համար: Պիտի արագացվի, հակառակ դեպքում ԱԻՄ-ը կարող է հայտարարել, որ այլևս անելիք չունի այդ դաշինքում»:

Դե պատկերացրեք՝ ի՞նչ դաշինք է, որտեղից անգամ Պարույր Հայրիկյանն է պատրաստ հեռանալ: Իսկ «գզվռտոցը» առաջինը Կարեն Անդրեասյանն էր բարձրաձայնել: Փաստացի այս դեռ անանուն դաշինքի մեյնստրիմն էլ հեռանալն է՝ ով ումից, ուր, ոչ ոք չգիտի: Օսկանյանականները դեմ են Օհանյանի առաջինը լինելուն, Վիկտոր Դալլաքյանը անհետացել է ասպարեզից, ինչպես Սամվել Բաբայանը, Օհանյանը չի զիջում՝ ով տալիս է փողը, նա էլ պատվիրում է երաժշտությունը: Բայց մի անուրանալի ձեռքբերում ՕՕ դաշինքն ունի՝ Արմեն Մարտիրոսյանը: Ամենայն հավանականությամբ: «Ժառանգության» մեյնստրիմը միմիայն կենտրոնախույզ է՝ 3 հոգով 13 երգ երգելուց բացի, նրանք արդեն իրենց ներկուսակցական տարաձայնություններով դառնում են… ձանձրալի: Իրավատեր Րաֆֆի Հովհաննիսյանը այս անգամ երևի Ազատության հրապարակում հացադուլ չի անի, կգնա մենաստան: Քաղաքական: Չի առաջադրի թեկնածությունը ոչ մի դեպքում: Զարուհի Փոստանջյանը, որ դեմ էր դաշինքներին ու պարբերաբար առաջարկում էր ընտրություններին չմասնակցել, կուսակցության համար ծանր ժամանակները երևի դարձյալ մենակ հաղթահարի՝ ոչ մի դեպքում չհեռանալով, բայց համագումար պահանջելով: Արմեն Մարտիրոսյանը, որ նախապատվությունը սկզբում տալիս էր Գագիկ Ծառուկյանին, հիմա ստիպված է բավարարվել ՕՕ դաշինքով, բայց այնտեղ էլ անհայտ ճակատագրով: Ի՞նչ է «Ժառանգության» հետ կատարվում, ինչո՞ւ է կուսակցությունը ծանր տանում նախընտրական շրջանը: Նախորդ ընտրությունների սխալների՞ պատճառով, թե՞ սպառել է իրեն, բայց չի զգում: 2013-ը պահ էր՝ եկավ ու անցավ, սարերի քամին միշտ նույն ուղղությամբ չի փչում, ու ընդհանրապես հարց է՝ ո՞րն է «Ժառանգության» արժեքը հիմա, ո՞րն է կուսակցության դերն ու առաքելությունը՝ մեկ առ մեկ կորցնել անդամների՞ն, իրարամերժ հայտարարություններով զվարճացնե՞լ, թե՞ ձանձրացնել անորոշությամբ: Գուցե պահն է հասկանալ, որ սնանկ է «Ժառանգության» ժառանգությունը՝ քաղաքական ունեցվածքը սարերի քամին տարել է, բարևն Աստծունն է, բայց բարևով կուսակցություն չես պահի: Բրենդը՝ բրենդ, արտադրանքդ որակ պիտի ունենա, որ պահանջարկ ունենա: ՈՒ նորից տխուր է, որ այս ընտրությունների մեյնստրիմը դառնում է սնանկության բացահայտումը՝ տարբեր կուսակցությունների կատարմամբ:


ՀՀԿ-ն էլ ձգում է իր անորոշության պարանը: Ընտրացուցակը յոթ փակի տակ է՝ նախագահականի չհրկիզվող պահարանում, ոչ ոք չգիտի՝ գլխին գալիքն ու իր անելիքը: Պարապությունից քննարկում ու վերաքննարկում են «մառոզի» թեման Արարատի մարզում ու Հովիկ Աբրահամյանի հետևանքները: Բոլորն էլ գիտեն, որ նա սուսուփուս հեռացողների զարմից չէ, ստվերում նրա համար միշտ արդյունավետ է եղել թե տնտեսավարելը, թե քաղաքականություն վարելը: Հրապարակային քաղաքականության ստվերային մերժումներից հետո Հովիկ Աբրահամյանը ստվերը փորձելու է դարձնել վերադարձի կամուրջ՝ հույս ունենալով, որ ժամանակն իր օգտին մի դուռ կբացի: Ինչո՞վ մեյնստրիմ չէ՝ գորշ ու անորսալի:
ՀԱԿ-ը ԱԺ ընտրություններին կմասնակցի Ստեփան Դեմիրճյանի ՀԺԿ-ի հետ դաշինքով: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասել է. «Մենք մասնակցում ենք ՀԱԿ-ՀԺԿ դաշինքով: Մենք բաց ենք այն քաղաքական ուժերի համար, որ կիսում են ՀԱԿ-ի գաղափարախոսությունը»: Բայց դեսուդեն ընկած ու անառակ որդու պես տուն վերադարձած ՀԺԿ-ից բացի ՀԱԿ-ի գաղափարախոսությունը ուրիշ «կիսողներ», այսինքն՝ բազմապատկողներ, չկան: ՈՒ դա էլ ՀԱԿ-ի մեյնստրիմն է՝ ներկայանալ ձայն բազմաց՝ լինելով Լևոն Տեր-Պետրոսյանի «ձայնը», որ խոսում է խաղաղության մասին՝ Peace now: Խաղաղություն այստեղ ու հիմա: Պրագմատիկ ընտրված մարտավարություն է՝ հաջողության դեպքում հաստատելու է, որ ժողովրդի նվազագույնը 7 %-ը իր հետ համաձայն է, անհաջողության դեպքում բացատրելու է, որ ոչ թե իրեն, այլ խաղաղության իմաստն ու արժեքը չհասկացան: Եթե «Ժառանգության» համար դեռ 2013-ն է, ՀԱԿ-ի համար՝ 2008-ը, իրականում 2017-ն է՝ փաստ, որ քաղաքական ուժերը չեն զգում: Մեյնստրիմը մեռնում է այս անորոշ ու անորակ դեգերումներում, որովհետև ի հայտ չի գալիս իբրև հստակ հավասարում, որտեղ ոչինչ անհայտ չէ ու պատասխանը հաղթանակն է:


Փետրվարի 6-ին սկսվեց այս գումարման խորհրդարանի վերջին նստաշրջանը ու առաջին քառօրյան անցավ լուսումութի, միացող ու չմիացող խոսափողերի, բլոգեր Լապշինի հարցում միասնության ու տեղական նշանակության մարտերի մեջ: ՀԱԿ-ը ընտրությունները ապրիլի 2-ին չանցկացնելու կոչ արեց՝ հայտարարելով, որ նախագահի հրամանագիրը հակասում է Սահմանադրության մի քանի նորմերի։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ նշելով Դավիթ Հարությունյանի փաստարկները, ներկայացրեց հակափաստարկները, որոնք բավարար են Սահմանադրական դատարան դիմելու համար: ՈՒ թեև ՀԱԿ-ը Սահմանադրական դատարան դիմելու փառավոր փորձ ունի, ձևաթուղթ վերցրեց՝ 27 ստորագրություն հավաքելու համար: Բոլորն էլ համաձայն էին, բայց ստորագրությունները չհավաքվեցին: Սա էլ այս խորհրդարանի մեյնստրիմն էր՝ բոլորն ամեն ինչ գիտեն, բոլորն ամեն ինչ հասկանում են, բայց քվեարկում են՝ ինչպես հարկն է: Հույժ պետականամետ են, հույժ գաղափարական ու ինքնիշխան: Լա՞վ է, թե՞ վատ: Լավ, թե վատ՝ նրանք օր առ օր մոտենում են վերջնագծին: Հայտնի չէ՝ ներկա 131-ի ու ապագա 101-ի համեմատությունը ում օգտին կլինի: Փաստացի՝ սկսած Գերագույն խորհրդից Հայաստանի երրորդ Հանրապետության խորհրդարանը գնացել է որակական կորուստների ճանապարհով՝ ապահովելով թիվ, բայց ոչ մակարդակ: Ընտրական օրենսգիրքը, որին այնպես ջանադիր հավանություն էին տալիս իշխանությունն ու ոչիշխանությունը, ամեն ինչ անում է, որ ռեյտինգային քվեարկությամբ խորհրդարան վերադառնան թվաքանակ ապահովողները, որ հինգ տարի կարող են լռել, հինգ տարում ոչ մի օրինագծի ու համաձայնագրի մոտ չգալ, սկանդալային հարցազրույցներ տալ ու վարքագիծ ունենալ, բայց անփոխարինելի են իբրև գլխաքանակ ու ձայն բերող: ՈՒ դա ոչ թե իշխանության մեյնստրիմն է, այլ հասարակության: Խորհրդարանը ներկայացուցչական մարմին է, քանի դեռ հասարակության ինքնագիտակցությունը չի հասել ելքի մակարդակին, մեյնստրիմը մնալու է ժողովրդին ամբոխ դարձնելու ջանքը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Այլընտրանքը, անդերգրաունդը, էլիտարը, արտհաուսը մեր պարագայում վերադարձնում են ելման դրություն, ուրեմն ինչի՞ համար է ընտրությունը:
Համենայն դեպս հավելեմ՝ մեյնստրիմը հաճախ բացասական երանգ ունի ու ենթադրում է տաղտկալին ու ձանձրալին՝ հոսանքի հետ լողալը վայելուչ չէ: Բանալ է այն, ինչ անում է մեծամասնությունը: Կա հակառակը, որ պարզ բանաձևված է՝ «Մենք քեզ հետ նույն արյունն ունենք»: Ելքը՝ որ բոլորս գտնենք նրան, ում հետ նույն արյունն ունենք, որովհետև արյունը ջուր չի դառնում:

Դիտվել է՝ 4266

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ